Կենսագրություն
Օհան Դուրյանը ծնվել և մեծացել է Երուսաղեմում։ 1939-1945 թթ․ սովորել է տեղի կոնսերվատորիայում՝ ուսանելով կոմպոզիցիա, դիրիժորություն և երգեհոն։ Այնուհետև կրթությունը շարունակել է Եվրոպայում՝ Հ. Շերչենի, Ռ. Դեսորմիերի և Գ.Մարտինոնի ղեկավարությամբ։ Օհան Դուրյանը ելույթ է ունեցել աշխարհի 110 նշանավոր նվագախմբերի հետ։ Տևական ժամանակ աշխատել է Ավինյոնի և Քեյփթաունի օպերային և սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ 1963-1968 թվականներին Դուրյանը եղել է Լայպցիգի օպերայի երաժշտական ղեկավարը և «Gewandhaus» նվագախմբի մշտական հրավիրյալ դիրիժորը։ Մաեստրո Դուրյանն իր հիմնադրած Ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն էր, Երևանի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը։ Հեղինակ է երկու սիմֆոնիկ սյուիտների և այլ ստեղծագործությունների։
Աշխատել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր 1960-1965թթ. և 1973թ.-ին: Այս տարիներին Դուրյանի ղեկավարությամբ առաջին անգամ կատարվել են հայ կոմպոզիտորների բազմաթիվ սիմֆոնիկ ստեղծագործություններ, մասնավորապես՝ Էդվարդ Միրզոյանի և Ջոն Տեր-Թադևոսյանի (Սիմֆոնիա թիվ 1 և թիվ 2), Կ. Օրբելյանի (Սիմֆոնիա թիվ 1), Ալեքսանդր Աճեմյանի (Սիմֆոնիա թիվ 2), Գրիգոր Եղիազարյանի («Հրազդան») գործերը: Մաեստրո Դուրյանի կարիերայի ընթացքում բազմաթիվ ձայնագրություններ են արվել։ Դուրյանը հյուրախաղերով հանդես է եկել նախկին ԽՍՀՄ հանրապետություններում՝ որպես հրավիրյալ դիրիժոր և ակտիվորեն տարածել է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբն իր պաշտոնավարման տարիներին ստացել է «Վաստակավոր նվագախմբի» կոչում։