Անցնել բովանդակությանը
Բարսեղ Կանաչյան

Բարսեղ Կանաչյան

Կոմպոզիտոր

  • Կոմպոզիտոր

Կենսագրություն

Բարսեղ Կանաչյանը ծնվել է Կոստանդնուպոլսից ոչ հեռու գտնվող Ռոտոսթո քաղաքում 1885-ին: 1890-ական թթ․ ընտանիքը գաղթել է Բուլղարիա: Փոքր տարիքից հաճախում էր ջութակի դասերի։  

1908-ին վերադառնում է Պոլիս, որտեղ հիմնում է «Քնար» նվագախումբը: 1910-ի դեկտեմբերին նա ծանոթանում է Կոմիտաս Վարդապետի հետ և աշակերտում նրան 1913- 1915 թթ․, որի ընթացքում սկսում է խորապես ուսումնասիրել հայ երաժշտությունը։ 

1914-1918 թթ․ զինվորագրվում է թուրքական բանակին և մասնակցում Առաջին աշխարհամարտին։ Պատերազմի ավարտից հետո 1918-ին թուրքական բանակի հետ տեղափոխվում է Հալեպ, որտեղ առաջնորդարանի աջակցությամբ տալիս է հետպատերազմյան առաջին համերգը։ 

1919-1920թթ․ Պոլսում ստեղծում է Կոմիտասի սաների հիմնադրամը, որն օգնում էր տաղանդաշատ երիտասարդներին իրենց արվեստը կատարելագործել Փարիզում։  Հենց այդ կրթաթոշակակիրների ջանքով Փարիզում հրատարակվում են «Հայ Գուսան» եռահատոր ժողովածուն,  որտեղ ամփոփված են կարոտի երգեր, այդ թվում՝ Կանաչյանի «Օրորը» (խմբերգային ձևաչափով)։ 

1921-ին Կանաչյանը մեկնում է Փարիզ, որտեղ ուսումնասիրում է հարմոնիա Ռենե Լընորմանի դասարանում։ 1922-ին տեղափոխվում է Եգիպտոս, որտեղ վերջնականապես ձևավորվում է իր ձեռագիրը։ 1924-1926 թթ․ նա շրջագայում էր Կիպրոսում, Եգիպտոսում ու Սիրիայում՝ կազմելով երգչախմբեր ու համերգներ տալով։  1926-1930 թթ․ աշխատում է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում, որտեղ վերջնական տեսքի է բերում իր «Օրորը»։ 1932-ին Կանաչյանը հաստատվում է Բեյրութում, որտեղ տալիս է իր առաջին համերգը և 1936-ին հիմնում է «Գուսան» երաժշտական միությունը։  1938-ին գրում է «Աբեղա» եռամաս օպերան`ըստ  Լևոն Շանթի «Հին Աստվածներ» պիեսի, որի առաջին ու միակ կատարումը տեղի է ունենում հաջորդ տարի՝ Բեյրութի Մեծ թատրոնում։ Ցավոք՝ այն այլևս չի կատարվում։  

Իր և «Գուսանի» անունն արագորեն տարածվում է տարածաշրջանում  և բազմաթիվ համերգներ է ունենում Լիբանանում և Սիրիայում։  1943-ին Բեյրութի Ամերիկյան համալսարանում նա ներկայացնում է հայկական պատարագը՝ որտեղ Կանաչյանը համադրել էր Կոմիտասի և Եկմալյանի պատարագներից 23 ամբողջական հատվածներ, կցել մի քանի շարականներ ու միաձայն կտորները դարձրել բազմաձայն։  

1945 թվականը բեկումնային եղավ Բ․ Կանաչյանի համար։ Նրա տեսողությունը կտրուկ վատացավ, սակայն այդ վիճակով էլ նա շարունակում էր ստեղծագործել և ղեկավարել իր «Գուսանը»։ Նա իր մահկանացուն է կնքում  1967-ին՝ Բեյրութում։  

1947 թվականը Կանաչյանի ստեղծագործական գործունեության անկյունագիծն է։  Այդ թվին հրատարակվում է նրա 25 տարիների ընթացքում արված աշխատանքները, այդ թվում՝ 19 մանկական երգերը և 7 մեներգները ( 10 հատոր): Դրանից հետո՝ մինչև 1962-63 թթ․ կանոնավոր կերպով հրատարակվում էին Կանաչյանի տարբեր ստեղծագործությունները։  

Կանաչյանը գրել է շուրջ 30 խմբերգ («Հոյ­­նար», «Դա­­լի­­լո», «Վար­դե­րի հետ» և այլն) և հայ բանաստեղծների խոսքերով 10 մեներգ՝ դաշնամուրի նվագակցությամբ («Օրոր», «Ասում են ու­­ռին», «Ալ­­վար­­դի երա­­զը» և այլն), որոնք առանձնանում են մեղեդայնությամբ և վոկալի նուրբ զգացողությամբ։ Կանաչյանի ստեղծագործության մեջ առավել ուշագրավ է «Նա­­նոր» վիպական-դրամատիկական խմբերգային ծավալուն պատկերը, որը հայ դասական խմբերգային արվեստի նշանավոր երկերից է։ Հայտնի է «Բա՛մ, փո­­րո­­տան» հայրենասիրական երգի նրա մշակումը։ Կանաչյանի խմբերգերն ու մեներգերը մասամբ հրատարակվել են նաև Երևանում (1969 թ․)։

Բարսեղ Կանաչյան-ի ստեղծագործությունները

Դիտել բոլորը

Այլ երաժիշտներ