Կենսագրություն
Բարիտոն Պավել Լիսիցյանը ավարտել է Լենինգրադի երաժշտանոցը։ Տարբեր տարիներին եղել է Լենինգրադի օպերային թատրոնի, Երևանի օպերային թատրոնի և Մոսկվայի Մեծ թատրոնի մեներգիչ։ Պավել Լիսիցյանի լայնածավալ ճկուն ու գեղեցիկ ձայնը աչքի է ընկել հազվագյուտ թավշյա տեմբրով։ Նրա կատարած դերերգերից առավել նշանավորներն են Օնեգինը (Չայկովսկի «Եվգենի Օնեգին»), Մազեպա (Չայկովսկի «Մազեպա»), Ելեցկի և Տոմսկի (Չայկովսկի «Պիկովայա դամա»), Ռոբերտ (Չայկովսկի «Իոլանտա»), Ժերմոն (Վերդի «Տրավիատա»), Ամոնասրո (Վերդի «Աիդա»), Գրյազնոյ (Ռիմսկի-Կորսակով «Ցարի հարսնացուն») և այլն։ Կատարել է նաև Չայկովսկու, Ռախմանինովի, այլ ռուս և հայ կոմպոզիտորների ռոմանսներ։ Հյուրախաղեր է ունեցել աշխարհի տարբեր երկրներում։
Լիսիցյանը դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, սկզբում՝ որպես դասախոս, ապա՝ որպես պրոֆեսոր և ամբիոնի վարիչ։
Պավել Լիսիցյանի դուստրերը՝ Կարինե Լիսիցյանը (ծնված՝ 1938, մեցցո-սոպրանո), Ռուզաննա Լիսիցյանը (ծնված՝ 1945, սոպրանո, միջազգային մրցույթի մրցանակակիր՝ 1974, Նիդեռլանդներ) և որդին՝ Ռուբեն Լիսիցյանը (ծնված՝ 1945, դրամատիկ, տենոր, Շումանի անվան վոկալիստների մրցույթի մրցանակակիր՝ 1969, Գերմանիա), Մոսկվայի ֆիլհարմոնիայի մերներգիչներ են։ Նրա թոռնուհին՝ Ելենա Լիսիցյանն ապրում է Նյու-Յորքում։