Կենսագրություն
Դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը ծնվել է 1961 թ․։ Սովորել է ջութակ՝ Մ․ Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում: Ուսումը շարունակելով Սանկտ Պետերբուրգում՝ սովորել է սիմֆոնիկ և երգչախմբային դիրիժորություն:
Մասնագիտական մեծ փորձ է ձեռք բերել, աշխատելով՝ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և երաժշտագիտական ամբիոնի ուսանողների երգչախմբում, կոնսերվատորիայի երիտասարդական երգչախմբում, որի կազմում արժանացել է հանրապետական մրցույթի Գրան պրի մրցանակի, համատեղությամբ եղել է Էմին Խաչատրյանի ասիստենտ ստաժորը:
1992-2000 թթ․ եղել է Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, զուգահեռաբար աշխատելով Գյումրիի կամերային երգչախմբում՝ որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։
Երևանում ստեղծել է «Հայ ֆոլկ» վոկալ անսամբլը, որը բացառիկ հաջողություններ է ունեցել հանրապետությունում և ունեցել է բազմաթիվ հյուրախաղեր։
2000 թ-ից Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է և գլխավոր դիրիժորը:
Հյուրախաղերով ելույթներ է ունեցել Փարիզում (Սեն-Լուի, Սալ Գավո), Լիոնում, Մարսելում, Հալեպում, Դամասկոսում, Լաթակիայում, Թբիլիսիում, Մոսկվայում, Սանկտ- Պետերբուրգում (Սպիտակ դահլիճում, Սմոլնի տաճարում, Գլազունովի դահլիճում), Հանովերում , Ֆրանկֆուրտում ,Ստրասբուրգում, Բերգամոյում(Դոնիցետտիի սրահում), Տորոնտոյում, Օտտավայում, Դրեզդենում (Ֆրաուկիրխե տաճարում Դրեզդենի ֆիլհարմոնիկի հետ համատեղ):
Թողարկել է ARS POETICA ձայներիզը աշխարհահրչակ ECM ձայնագրման ստուդիայի կողմից, որի մասին հոդվածը տեղ է գտել «THE GRAMOPHONE» երաժշտական ամսագրում։
Հայաստանի մշակութային կյանքի և երաժշտության մեջ նշանակալի ներդրման համար 1996 թվականին պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:
2008 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչի բարձր կոչմանը: Բացաթիվ մշակումների հեղինակ է։