Անցնել բովանդակությանը
Ռոբերտ Պետրոսյան

Ռոբերտ Պետրոսյան

Կոմպոզիտոր

Կենսագրություն

Կոմպոզիտոր, շեփորահար Ռոբերտ Պետրոսյանը ծնվել է 1930 թ. օգոստոսի 28-ին, Երևանում: Թեև երաժշտական ընդունակությունները բացահայտվել են վաղ հասակում, սակայն երաժշտական կրթություն ստացել է 14 տարեկանից: Սովորել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, միաժամանակ որպես շեփորահար նվագել  Պիոներ պալատի փողային նվագախմբում:

1953-1957 թթ. սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ստեղծագործական բաժնում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան),  ապա ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագորական բաժինը (Գրիգոր Եղիազարյանի դասարան), ավարտելով այն 1962 թ.:

1955 թ.-ից աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում՝ որպես շեփորահար, իսկ 1960-1979 թթ.-ին՝ որպես տեղի երաժշտական մասի ղեկավար և դիրիժոր:

1963-1981 թթ. երաժշտական ուսումնական հաստատություններում դասավանդել է երաժշտատեսական առարկաներ: 1960 թ-ից  Ռ. Պետրոսյանը ստեղծել և ղեկավարել է էստրադային և ժողովրդական նվագախմբեր, որոնք մասնակցելով հանրապետական և համամիութենական բազմաթիվ մրցույթների, արժանացել են մրցանակների և պատվոգրերի:

1979-1986 թթ. հանդիսացել է Հայաստանի հանրային ռադիոյի և հեռուստատեսության «Արևիկ» մանկական վոկալ-գործիքային անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը: Այդ տարիներին «Արևիկը» արժանացավ հանրապետական, անդրկովկասյան, այնուհետև, ԽՍՀՄ կազմավորման 60-ամյակին նվիրված մրցույթների դափնեկրի կոչմանը, իսկ մերձմոսկովյան Դուբնա քաղաքում՝ «Մեծ ոսկե» մեդալի:

1986-1995 թթ. Ռ. Պետրոսյանը Հեռուստառադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական նվագարանների նվագախմբի ղեկավարն էր: 1995 թ. ՀՀ Պաշտպանության նախարարության ներքո նա ստեղծեց «Էլեգիա» էստրադային համույթը, որը համերգներով հանդես  եկավ Հայաստանում և Արցախում: Այդ տարիներին ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից Ռ. Պետրոսյանը պարգևատրվել է Ոսկե մեդալով:

1993-2007 թթ. հանդիսացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության հայորդաց տների երաժշտության գծով գլխավոր խորհրդատու:

1972 թ.-ից Ռ. Պետրոսյանը ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ էր: Եղել է նաև Հեռուստառադիոյի կոմիտեի և ՀՀ Երգչախմբային ընկերության գեղարվեստական խորհուրդների անդամ, 2003 թ-ից` ՀՀ Երգչախմբային ընկերության պատվավոր անդամ:

Ռ. Պետրոսյանի գրչին են պատկանում մեծ և փոքր կտավի ստեղծագործություններ` սիմֆոնիկ, փողային, ժողովրդական, էստրադային, վոկալ և գործիքայնին ժանրերում: Դրանցից են Սիմֆոնիան (4 մաս), լարային  2 կվարտետները, 4 վոկալ-սիմֆոնիկ պոեմները, 4 մանկական կանտատները, շեփորի կոնցերտը, սաքսոֆոնի համար գրված կոնցերտինոն, «Արքայազն և փայտահատը» երաժշտական հեքիաթը, «Մկնիկ-հարսնացուն» մանկական մյուզիքլը, սիմֆոնիկ փողային, ժողովրդական, էստրադային նվագարանների, ջութակահարների անսամբլի համար գրված պոեմներ, սյուիտներ, քայլերգեր, ինչպես նաև տարբեր նվագարանների համար գրված երկեր, սոնատներ, ռոմանսներ և երգեր, խմբերգեր մեծերի և փոքրերի համար:

Մեծաթիվ են կոմպոզիտորի կողմից արված ժողովրդական երգերի, ինչպես նաև  հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործությունների մշակումները, փոխադրումներն և գործիքավորումները սիմֆոնիկ, փողային, ժողովրդական և էստրադային նվագախմբերի և  առանձին նվագարանների համար: 1957-2008 թթ. Ռ. Պետրոսյանի ստեղծագործություններից 77-ը արժանացել են հանրապետական և համամիութենական մրցանակների:

Ռոբերտ Պետրոսյանի 300-ից ավելի ստեղծագործությունները ընդգրկված են Հայաստանի հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում:

Ռոբերտ Պետրոսյան-ի ստեղծագործությունները

Դիտել բոլորը

Այլ երաժիշտներ