Կոմպոզիտոր, շեփորահար Ռոբերտ Պետրոսյանը ծնվել է 1930 թ. օգոստոսի 28-ին, Երևանում: Թեև երաժշտական ընդունակությունները բացահայտվել են վաղ հասակում, սակայն երաժշտական կրթություն ստացել է 14 տարեկանից: Սովորել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, միաժամանակ որպես շեփորահար նվագել Պիոներ պալատի փողային նվագախմբում: 1953-1957 թթ. սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ստեղծագործական բաժնում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան), ապա ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագորական բաժինը (Գրիգոր Եղիազարյանի դասարան), ավարտելով այն 1962 թ.: 1955 թ.-ից աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում՝ որպես շեփորահար, իսկ 1960-1979 թթ.-ին՝ որպես տեղի երաժշտական մասի ղեկավար և դիրիժոր: 1963-1981 թթ. երաժշտական ուսումնական հաստատություններում դասավանդել է երաժշտատեսական առարկաներ: 1960 թ-ից Ռ. Պետրոսյանը ստեղծել և ղեկավարել է էստրադային և ժողովրդական նվագախմբեր, որոնք մասնակցելով հանրապետական և համամիութենական բազմաթիվ մրցույթների, արժանացել են մրցանակների և պատվոգրերի: 1979-1986 թթ. հանդիսացել է Հայաստանի հանրային ռադիոյի և հեռուստատեսության «Արևիկ» մանկական վոկալ-գործիքային անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը: Այդ տարիներին «Արևիկը» արժանացավ հանրապետական, անդրկովկասյան, այնուհետև, ԽՍՀՄ կազմավորման 60-ամյակին նվիրված մրցույթների դափնեկրի կոչմանը, իսկ մերձմոսկովյան Դուբնա քաղաքում՝ «Մեծ ոսկե» մեդալի: 1986-1995 թթ. Ռ. Պետրոսյանը Հեռուստառադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական նվագարանների նվագախմբի ղեկավարն էր: 1995 թ. ՀՀ Պաշտպանության նախարարության ներքո նա ստեղծեց «Էլեգիա» էստրադային համույթը, որը համերգներով հանդես եկավ Հայաստանում և Արցախում: Այդ տարիներին ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից Ռ. Պետրոսյանը պարգևատրվել է Ոսկե մեդալով: 1993-2007 թթ. հանդիսացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության հայորդաց տների երաժշտության գծով գլխավոր խորհրդատու: 1972 թ.-ից Ռ. Պետրոսյանը ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ էր: Եղել է նաև Հեռուստառադիոյի կոմիտեի և ՀՀ Երգչախմբային ընկերության գեղարվեստական խորհուրդների անդամ, 2003 թ-ից` ՀՀ Երգչախմբային ընկերության պատվավոր անդամ: Ռ. Պետրոսյանի գրչին են պատկանում մեծ և փոքր կտավի ստեղծագործություններ` սիմֆոնիկ, փողային, ժողովրդական, էստրադային, վոկալ և գործիքայնին ժանրերում: Դրանցից են Սիմֆոնիան (4 մաս), լարային 2 կվարտետները, 4 վոկալ-սիմֆոնիկ պոեմները, 4 մանկական կանտատները, շեփորի կոնցերտը, սաքսոֆոնի համար գրված կոնցերտինոն, «Արքայազն և փայտահատը» երաժշտական հեքիաթը, «Մկնիկ-հարսնացուն» մանկական մյուզիքլը, սիմֆոնիկ փողային, ժողովրդական, էստրադային նվագարանների, ջութակահարների անսամբլի համար գրված պոեմներ, սյուիտներ, քայլերգեր, ինչպես նաև տարբեր նվագարանների համար գրված երկեր, սոնատներ, ռոմանսներ և երգեր, խմբերգեր մեծերի և փոքրերի համար: Մեծաթիվ են կոմպոզիտորի կողմից արված ժողովրդական երգերի, ինչպես նաև հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործությունների մշակումները, փոխադրումներն և գործիքավորումները սիմֆոնիկ, փողային, ժողովրդական և էստրադային նվագախմբերի և առանձին նվագարանների համար: 1957-2008 թթ. Ռ. Պետրոսյանի ստեղծագործություններից 77-ը արժանացել են հանրապետական և համամիութենական մրցանակների: Ռոբերտ Պետրոսյանի 300-ից ավելի ստեղծագործությունները ընդգրկված են Հայաստանի հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում: