Ռոբերտ  Ստեփանյան - Armenian National Music (anmmedia.am)
Ռոբերտ Ստեփանյան

Ջութակահար

Հնս 16 1984

Ռոբերտ Ստեփանյանը ծնվել է 1984 թ․ հունիսի 16-ին՝ Երևանում։ Առաջին անգամ սկսել է ջութակ նվագել 7 տարեկանում՝ Մոսկվայում, Տատյանա Վորոբյովայի մոտ։ 

Կրթությունը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիային կից քոլեջում՝ Զորիա Շիխմուրզաևայի դասարանում, այնուհետև՝ Կոնսերվատորիայում՝ Արա Բոգդանյանի դասարանում։ Ռոբերտ Ստեփանյանը Շվեյցարիայում, Իսպանիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում կայացած բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է։ 

Որպես մենակատար և կամերային երաժիշտ ելույթ է ունեցել ավելի քան 30 երկրում, այնպիսի համերգասրահներում, ինչպիսիք են Նյու Յորքի Քարնեգի Հոլը, Փարիզի Գավոն, Դանիական ռադիոյի համերգասրահը, Օսլոյի Կոնցերտուսը, Մոսկվայի Կոնսերվատորիայի մեծ համերգասրահը և այլն։ 

Ռոբերտ Ստեփանյանը մասնակցել է Մենդելսոնի և Բեթհովենի (Գերմանիա), Midis de Minimes (Բելգիա), Կոգանի, Ռոստրոպովիչի հիշատակի (Ռուսաստան), Juventudes Musicales (Իսպանիա), Pupligne Classique (Շվեյցարիա), Բեթհովենյան օրեր (Ավստրիա), Մաթիաս Քենդլինգերի անվան (Ուկրաինա), Festival Internacional de Musica de Esmeraldas (Էկվադոր), Գվադալախարայի և այլ միջազգային երաժշտական փառատոների։ Ջութակահարն արժանացել է բազմաթիվ կրթաթոշակների և մրցանակների, որոնց թվում է՝ Ռուսաստանի կատարողական արվեստի հիմնադրամի, Համաշխարհային երաժշտության և Իրինա Արխիպովայի հիմնադրամի պարգևի։ Բացի դրանից՝ Երաժշտարվեստում ունեցած ավանդի համար «Ստեղծագործական նպատակներ» միջազգային ակադեմիայի կողմից արժանացել է դիպլոմի։  Ստեփանյանը մասնակցել է Բորիս Կուշների (Ավստրիա), Ժան Մարկ Ֆիլիպ-Վարժապետյանի (Ֆրանսիա), Ջերարդ Վիսսի և Անտոնիո Մենեսեսի (Շվեյցարիա) վարպետության դասերին։ 

Ռոբերտ Ստեփանյանը դաշնակահար Աշոտ Խաչատրյանի հետ ձայնագրել է Բեթհովենի և Ֆրանկի սոնատները, որոնք թողարկվել են հեղինակավոր «Ազուր» դասական երաժշտության ապրանքանշանով։ Հայ ջութակահարի ձայնագրություները հեռարձակվել են BBC Radio, France Musique, Radio France, Espase 2 ռադիոկայաններով։ 

Նա վարպետության դասեր է տվել է Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, ԱՄՆ-ում և Հարավային Ամերիկայում, եղել է Իտալիայում, Իսպանիայում, Բելգիայում անցկացվող միջազգային, այդ թվում՝ Էժեն Իսայեի անվան միջազգային մրցույթի ժյուրիի կազմում։  2018-ին Ռոբերտ Ստեփանյանը առաջարկ է ստացել ձայնագրելու Մենդելսոնի ջութակի կոնցերտը, որը հնչում է «Ռեմին առանց ծնողների» հանրահայտ ֆիլմում։  2019-ին ավստրիացի ժամանակակից կոմպոզիտոր Մաթիաս Քենդլինգերն իր «Տիեզերք» ջութակի կոնցերտը գրել և նվիրել է Ռ․ Ստեփանյանին: Նույն թվականին այն ձայնագրվել է ավստրիական K&K ֆիլհարմոնիկի հետ և թողարկվել DaCapo-ի ապրանքանշանով։ 

2019-ին Ռոբերտ Ստեփանյանը թավջութակահար Ֆրանսիսկո Վիլայի և դաշնակահար Աշոտ խաչատրյանի հետ հիմնել է Fine ART տրիոն։ 

Նվագում է 1760 թ․ Ջ․ Գալիանոյի ջութակ։