Անցնել բովանդակությանը
Ռոմանոս  Մելիքյան

Ռոմանոս Մելիքյան

Կոմպոզիտոր

Կենսագրություն

Ռոմանոս Մելիքյանը ծնվել է 1883 թ․ հոկտեմբերի 1-ին Ռուսական կայսրության Դաղստանի Ղզլար քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցում։ 1900 թվականին ստանձնել է Նոր Նախիջևանի Սուրբ Գևորգ եկեղեցու երգչախմբի ղեկավարի պաշտոնը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Դոնի Ռոստովի երաժշտական ուսումնարան։ Ուսումնառության տարիներին հայկական ժողովրդական երգեր և շարականներ է մշակել երգչախմբի համար։ 1902 թվականին ավարտել է Նոր Նախիջևանի թեմական դպրոցը, որտեղ նրա երաժշտության առաջին ուսուցիչը Գևորգ Չորեքչյանն էր (1945–1954 թվականներին՝ Գևորգ Զ Ամենայն հայոց կաթողիկոս)։ 1905 թվականին մեկնել է Մոսկվա և մեկ տարի մասնավոր դասեր ստանալուց հետո, ընդունվել ժողովրդական կոնսերվատորիա՝ Բ. Յավորսկայի դասարան։ Մոսկվայում ղեկավարել է Լազարյան ճեմարանի երգչախումբը, որի համար մշակել է մի շարք ժողովրդական երգեր՝ «Վարդ կոշիկս», «Արազը հեշտացել է», «Գնաց գարուն» և այլն։ Առողջական խնդիրները  և նյութական ծանր վիճակը նրան ստիպել են անավարտ թողնել ուսումը և վերադառնալ Նոր Նախիջևան, ապա՝ Թիֆլիս։ Աշխատել է Հովնանյան դպրոցում՝ որպես երաժշտության ուսուցիչ։ 1908 թվականին իր շուրջն է համախմբել դպրոցների հետ կապված երիտասարդ երաժիշտներին և ստեղծել «Երաժշտական լիգա» ընկերությունը։ 1912 թվականին, նրա աջակցությամբ, Ազատ Մանուկյանը հրատարակել է «Փնջիկ» մանկական երգերի ժողովածուն և հրատարակել է «Երաժշտական այբբենարանի» առաջին մասը։ Ուսանողության համար գրել է «Աշուն» և «Վարդը» երգ-ռոմանսները, «Ուռենի» զուգերգը և այլն։  

1910-1914 թվականներին սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում։ Գրել է ռոմանսներ, որոնց թվում՝ «Աշնան տողեր» շարը, «Բալլադը», «Մուրիկի վիշտը» երգերը, մշակել է վեց հայկական ժողովրդական երգ։ 1920 թվականին Թիֆլիսում կայացել է նրա հեղինակային անդրանիկ համերգը։ 1921 թվականին Հայաստանի կառավարությունը նրան հրավիրել է Երևան`  հիմնելու երաժշտական ստուդիա, որն էլ 1923 թվականին դարձել է կոնսերվատորիա։ 1924 թվականին Ստեփանակերտում հիմնել է երաժշտական ուսումնարան, ապա՝ մեկնել է Թիֆլիս, որտեղ երկու տարի գլխավորել է «Հայարտան» երաժշտական սեկցիայի և երաժշտական ստուդիայի աշխատանքները, որից հետո՝ կրկին վերադարձել Երևան, ուր բարեկամական հարաբերություններ են ստեղծվել նրա և Ալեքսանդր Սպենդիարյանի միջև։ Մասնակցել է Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրության աշխատանքներին և Երևանի օպերային թատրոնի հիմնադրմանը։ Առաջ է քաշել Կոմիտասի երաժշտական ժառանգությունը Հայաստանում կենտրոնացնելու գաղափարը։ 1928 թվականին հղկել ու հրատարակության է հանձնել «Զմրուխտի» երգաշարը, ավարտել է «Զառ-վառ» երգաշարը, հրատարակել երկու ժողովածու՝ «Մանկական երգեր» և «Պիոներական երգերը» և այլն։ Նրա անունն է կրում Երևանի երաժշտական ուսումնարաններից մեկը։ Մահացել է 1935 թ․ մարտի 30-ին՝ Թիֆլիսում։ Հուղարկավորված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։

Ռոմանոս Մելիքյան-ի ստեղծագործությունները

Դիտել բոլորը

Այլ երաժիշտներ