Անցնել բովանդակությանը
Սահակ Պարթև

Սահակ Պարթև

    Կենսագրություն

    Իսահակ Պարթև, Սուրբ Սահակ. Ամենայն հայոց կաթողիկոս (387 թ.-ից), աստվածաբան, թարգմանչաց շարժման հիմնադիր, շարականագիր, Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ:  

    Ծնվել է 348 թ., Կեսարիայում: Սերել է Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմից (Ներսես Ա Մեծ Պարթևի որդին էր): Կրթություն է ստացել Կեսարիայի, Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի դպրոցներում: Տիրապետել է հունարեն, ասորերեն և պարսկերեն լեզուներին: Եպիսկոպոս ձեռնադրվելուց հետո կրոնավորել է Վաղարշապատում (Էջմիածին): Կաթողիկոսության տարիներին իր գործունեությամբ մեծապես նպաստել է հայոց արքունիքի և նախարարական տների քաղաքական դիրքերի ամրապնդմանը, Մեծ Հայքի միասնականության վերահաստատմանը: Մեսրոպ Մաշտոցի հետ սերտ համագործակցությամբ և Վռամշապուհ արքայի հովանավորությամբ ծավալել է ազգային կրթական-լուսավորչական եռանդուն գործունեություն: Գրերի գյուտից (405 թ.) հետո հսկայական ներդրում է ունեցել Աստվածաշնչի թարգմանության, ծեսի և պաշտոներգության հայացման ու բարեկարգման գործում: Իրագործել է տարբեր ծիսամատյանների` այդ թվում Տոնացույցի, Խորհրդատետր-Պատարագամատույցի և Սաղմոսարան-Ժամագրքի կարգավորումը: Մեսրոպ Մաշտոցի մասնակցությամբ դասակարգել և կանոնացրել է հայոց ավանդական ձայնեղանակները (Ութձայն համակարգ):   

    Սահակ Պարթևի մատենագրական ժառանգությունը ներառում է հոգևոր դասի ներկայացուցիչների իրավասություններին, հոգևոր և աշխարհիկ դասերի հարաբերությանը և այլ հարցերին նվիրված կանոններ, Հայ եկեղեցու ուղղափառ դիրքորոշումը հաստատող դավանաբանական թղթեր:   

    Սահակ Պարթևի երաժշտաբանաստեղծական ժառանգությունը ներկայացված է Սաղմոսարան-Ժամագրքում զետեղված Գիշերային ժամի չորս երգեցիկ քարոզներով, վերջիններիս կից` թվերգի ոճով կատարվող աղոթքներով, ինչպես նաև կցուրդ կոչվող ինքնուրույն հոգևոր երգերով, որոնք հետագայում կանոնացվել են եկեղեցու կողմից և ընգրկվել Շարակնոցում: Սահակ Պարթևին են վերագրվում Ղազարու հարության, Ծաղկազարդի կանոնների երգերը, երկրորդ Ծաղկազարդի հին կանոնի երգերը և Ավագ շաբաթվա բոլոր օրերի կանոնների երգերի մեծ մասը: Նշված երգերի մեջ հանդիպում են ինչպես սաղմոսատիպ, այնպես էլ զարգացած մեղեդիական բնութագիր ունեցող, վիպաքնարական շնչով հագեցած նմուշներ: Վերջիններս զգալի չափով նախապատրաստել են տաղարվեստի ծագումն ու զարգացումը:  

    Սահակ Պարթևը վախճանվել է 439 թ., Բագրևանդ գավառի Բլուր գյուղում: Հայ եկեղեցին Սահակ Պարթևի հիշատակը տոնում է տարին երկու անգամ:

    Այլ երաժիշտներ