Կենսագրություն
Սոպրանո Սիրանուշ Գասպարյանը 2002թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական երգեցողության և դաշնամուրային բաժինները: Այնուհետև ուսումը շարունակել է ասպիրանտուրայում` սոլո երգեցողություն մասնագիտությամբ, պրոֆ. Ելենա Վարդանյանի ղեկավարությամբ: Վարպետության դասեր է ստացել Բեռլինի “Grace Bumbry” վոկալ ակադեմիայում (2011-2014թթ.): Կատարողական վարպետության դասեր է ստացել ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանից:
Սիրանուշ Գասպարյանը արժանացել է Մյունխենի ARD մրցույթի հատուկ մրցանակին (Barenreiter urtext preis International ARDmuzikwetbeverb): 2012թ.-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել Պուչինիի «Տուրանդոտ» օպերայի հայաստանյան պրեմիերային` համանուն դերերգով: 2016թ-ին կատարել է «Տոսկայի» դերերգը`Պուչինիի համանուն օպերայի պրեմիերային Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Սիրանուշ Գասպարյանը հանդիսանում է Սոչիի կամերային ֆիլհարմոնիայի հրավիրյալ մեներգչուհի` 2015թ-ից:
Երաժշտական գործունեության ընթացքում նա համերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում՝ սիմֆոնիկ և կամերային նվագախմբերի, գործիքային անսամբլների հետ: Մասնակցել է մի շարք տեղական և միջազգային փառատոների, մենահամերգներով հանդես է եկել Գերմանիայում, Իսպանիայում, Ռուսաստանում և այլուր: 2014թ.-ին թողարկել է իր առաջին ձայնասկավառակը: