Անցնել բովանդակությանը
Սոֆյա  Մելիքյան

Սոֆյա Մելիքյան

Դաշնակահար

Կենսագրություն

Հայտնի իր «հոյակապ նվագով և նուրբ գեղարվեստական զգացմունքայնությամբ»` Հայաստանում ծնված դաշնակահար Սոֆյա Մելիքյանը շրջագայել է ողջ Եվրոպայում , ԱՄՆ-ում, Կանադայում, Կուբայում, Չինաստանում, Ճապոնիայում և Ավստրալիայում, ելույթներ ունեցել այնպիսի հեղինակավոր դահլիճներում, ինչպիսիք են` Կարնեգի Հոլը` Նյու Յորքում, Palau de la Musica Catalana-ն` Բարսելոնայում, Բելգրադի ֆիլհարմոնիկ սրահը, Արամ Խաչատրյան համերգասրահը, Ջորդան սրահը` Բոստոնում, Սալ Կորտոն Փարիզում և այլն:

Ավարտել է Մադրիդի թագավորական կոնսերվատորիան (Խոակին Սորիանոյի դաս.), Փարիզի Ալֆրեդ Կորտոյի անվան Երաժշտության բարձրագույն դպրոցը (Ռամզի Յասսայի դաս.), Մանհետենի Երաժշտական դպրոցը Նյու Յորքում (Սոլոմոն Միկովսկու դաս.): Նրան ուսուցանող դաշնակահարներից են եղել նաև Բրիջիթ Էնգերելը և Գալինա Եգիազարովան:

Սոֆյա Մելիքյանին շնորհվել են Առաջին և «Ակնառու երաժշտական տաղանդ» մրցանակները` Մարիսա Մոնտիելի անվան միջազգային երաժշտական մրցույթում (Լինարես, Իսպանիա), Առաջին մրցանակը «Իսպանիայի Քոլեջի Բարեկամներ» ասոցիացիայի կողմից` գերազանց երաժշտական մեկնաբանության համար (Փարիզ, Ֆրանսիա): Արժանացել է նաև լավագույն և հատուկ մրցանակների` Խոսե Իտուրբիի և Մարիա Կանալսի անվան միջազգային մրցույթներում (Իսպանիա):

Որպես Նյու Յորքում հիմնված Սիմա տրիոյի անդամ` Սոֆյա Մելիքյանը New England միջազգային կամերային երաժշտության մրցույթի Ոսկե մեդալակիր է (Բոստոն, ԱՄՆ), ինչպես նաև J.C.Arriaga միջազգային կամերային երաժշտության մրցույթի 2-րդ մրցանակիր (Ստեմֆորդ, ԱՄՆ): Որպես մենակատար հանդես է եկել Հայաստանի պետական և Անդալուզիայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Կուբայի ազգային, Իսպանիայի ռադիոյի և հեռուստատեսության, Կորդոբայի, Վալենսիայի և Նոր Եվրոպա սիմֆոնիկ նվագախմբերի, Իսպանիայի ազգային նվագաղմբի հետ:

Նրա կատարումները հեռարձակվել են Հայաստանի և Իսպանիայի ազգային ռադիոյով և հեռուստատեսությամբ, Չիկագոյի WFMT, Նյու Յորքի WXQR և Մելբուրնի ABC Classic FM ռադիոկայաններով Mezzo ֆրանսիական հեռուստաալիքով և այլն:

Թողարկել է 3 ձայնասկավառակ, որոնք ներառում են Հայդնի, Շումանի, Ռախմանինովի, Ալբենիզի, Դյութիյոյի, Գ. Չթչյանի, Խաչատրյանի ստեղծագործությունները:

Այլ երաժիշտներ