Կենսագրություն
Ստեփան Շաքարյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 23-ին, Բաքվում։ 1952 թվականին տեղափոխվել է Երևան։ 1952 թ. ընդունվել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան: Ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) կոմպոզիցիայի բաժնում (ղեկ.՝ Էդվարդ Միրզոյան): 1956 թ. ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում (ղեկ.՝ Արամ Խաչատրյան): Ուսումը շարունակել է Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգ) կոնսերվատորիայում (ղեկ.՝ Վլադիմիր Ցիտովիչ):
1986 թ. ստեղծել-ղեկավարել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական ջազ անսամբլը: 1980-ական թթ. Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում դասավանդում է կոմպոզիցիա: 1991 թ-ից ԵՊԿ-ում դասավանդում էր գործիքավորում:
Հեղինակ է տարբեր ժանրերի բազմաթիվ ստեղծագործությունների. 2 բալետ՝ «Նախանձ» և «Աղավնավանք», 3 սիմֆոնիա, սիմֆոնիկ պոեմներ և նախերգանքներ, 2 սոնատ դաշնամուրի համար, վոկալ և գործիքային ստեղծագործություններ, երաժշտություն թատրոնի, կինոյի համար, ջազային և էստրադային երկեր, որոնք կատարում են Հայաստանի պետական ջազային, Հանրային հեռուստա-ռադիոընկերության էստրադային և ջազային նվագախմբերը, մի շարք այլ խմբեր։
2008 թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, 2017 թ․՝ ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը։ 2008 թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
Մահացել է 2019 թ․ հունիսի 22-ին՝ Երևանում։