Կենսագրություն
Սվետլանա Նավասարդյանին մամուլը «մոգական» է կոչել, երաժշտական աշխարհը` «անուրանալի անհատականություն», «դաշնամուրային հրաբուխ», իսկ երաժշտագիտական քննադատությունը, փորձելով տալ նրա կատարողական ինքնության սահմանումը, Սվետլանա Նավասարդյանին խորհրդանիշ է կարգել` «խորհրդանիշ ընդվզումի, որ դեմ է այն ամենին, ինչը դաշնամուրային արվեստում առօրեականություն ու կանխատեսելիություն է մարմնավորում»:
Սվետլանա Նավասարդյանը Շումանի, Բախի, Եղիսաբեթ թագուհու անվան և Սիդնեի միջազգային մրցույթների դափնեկիր է, և պատահական չէ, որ նրա առջև վաղ են բացվել աշխարհի ամենահեղինակավոր փառատոների և համերգասրահների դռները, ինչպիսիք են Մոսկվայի Կոնսերվատորիայի Մեծ դահլիճը, Սիդնեյի “Opera House”, Բրյուսելի “Palais des Beaux-Arts”, Փարիզի “Gaveau”, Լայպցիգի “Gewandhaus”, Բուենոս Այրեսի “Teatro Colon”, Տոկիոյի “Asahi Hall”, Օսակայի ”Phoenix-Hall”, Ստոկհոլմի “Nybrokajen” և այլն:
Դաշնակահարուհին համերգներով հանդես է եկել աշխարհի ավելի քան 40 երկրներում, այդ թվում` ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Հունաստան, Ճապոնիա, Չինաստան, Ավստրալիա, Եգիպտոս, Քուվեյթ և այլն:
Միջազգային հռչակ ու ճանաչում վայելող Սվետլանա Նավասարդյանի երաժշտական կարիերան լի է նաև անվանի երաժիշտների հետ համագործակցության բազմաթիվ դրվագներով` Ե. Սվետլանով, Վ. Գերգիև, Վ. Սինայսկի, Կ. Էտտի, Քր. Ուորեն-Գրին, Է. Վիրսալաձե, Ե. Կիսին, Վ. Սպիվակով, Յու. Բաշմետը և շատ ուրիշներ:
Սվետլանա Նավասարդյանի երկացանկը ներառում է դաշնամուրի և նվագախմբի համար գրված վաթսունից ավելի կոնցերտ, այդ թվում` Բախի, Մոցարտի և Բեթհովենի բոլոր կոնցերտները, մոնոգրաֆիկ մենանվագային ծրագրեր:
Նոյհաուզի սկզբունքների հետնորդ երաժիշտը (աշակերտել է պրոֆեսորներ Յակով Զակին և Վաչե Ումր-Շատին), սերտորեն համագործակցում է Փարիզի “Ecole Normale de Musique”, Ստոկհոլմի “Lille Academia”, Էսսենի “Hochschule fur Musik”, երաժշտական հեղինակավոր այլ հաստատությունների հետ:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հրավիրյալ պրոֆեսոր է, վարպետության դասեր է վարում աշխարհով մեկ:
Սվետլանա Նավասարդյանը ՀՀ կառավարական բարձրագույն պարգևի` «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր է: