Կենսագրություն
Տալիսկա Հովհաննիսյանը ծնվել է 1954 թ. օգոստոսի 27-ին, Երևանում: 1971 թ. ավարտելով Երևանի Ստեփան Զորյանի անվան միջնակարգ դպրոցը, աշխատանքի է անցել Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, որպես լաբորանտ: 1973-78 թթ. սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժնում: Զուգահեռաբար սովորել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի «Կենսաբանություն և քիմիա» ֆակուլտետում որն ավարտել է 1979 թվին:
1978-2000 թթ. աշխատել է Երևանի կույրերի միավորման երգչախմբում: 1985-1988 թթ. աշխատել է Հայաստանի Հեռուստառադիոպետկոմի ԱԿՈՒՆՔ անսամբլում, որպես երգչուհի: 1988-1995 թթ. աշխատել է Հայաստանի Հեռուստառադիոպետկոմի ՀԱՅԱՍԱ համույթում, որպես մենակատար: 1994-2001 թթ. աշխատել է Հայաստանի ֆիլհարմոնիկ երգչախմբում, որպես երգչուհի: Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Կանադայում, Ավստրալիայում և այլուր:
Հայ ավանդական երգ ու պարի ՀԱՅԱՍԱ համույթում աշխատելու տարիներին, Տալիսկա Հովհաննիսյանի երգացանկից ավելի քան 15 երգեր ձայնագրվել և պահվում են Հայաստանի Ազգային Ռադիոյի Ոսկե ֆոնդում:
Անցյալ դարի 90-ականներին Հայաստանի Հեռուստառադիոպետկոմի հայ ավանդական երգ ու պարի «Հայասա» համույթի ծավալած համերգային բուռն գործունեության ընթացքում երգչուհի Տալիսկա Հովհաննիսյանը խմբի մենակատարներից առանձնանում էր իր ձայնային բացառիկ նրբագեղ թավշյա գուներանգով, պրոֆեսիոնալ կատարելությամբ։ Հայ ավանդական երգը նրա կատարումներում բացահայտվում էր իր մաքրամաքուր ելևէջադարձումներով՝ զերծ ավելորդ գեղգեղանքներից ու անհարկի էմոցիոնալ զեղումներից։ Քաջատեղյակ լինելով հայ երգին բնորոշ խոսքի ու եղանակավորման ինքնությանը՝ նա աշխատում էր իր կատարումներին հաղորդել խոսքի, հատկապես հայոց բարբառներին ու երաժշտական ձուլածոներին հատուկ հնարավոր նրբերանգները։Նրան երգացանկ առաջարկելիս նկատի էինք առնում երգչուհու իմացական դաշտն ու նյութին տիրապետելու բծախնդրությունը։ Տալիսկա Հովհաննիսյանի բեմական գործունեության հաջող ընթացքին մեծապես նպաստում էին նրա վայելուչ, նրբագեղ արտաքինն ու բեմարվեստին վարպետորեն տիրապետելու ունակությունը։ Թե՜ որպես մենակատար, թե՜ որպես խմբերգային կատարումների ակտիվ մասնակից, երգչուհին իր մասնակցությունն էր բերում ժողովրդական երգն ու պարը ներկայացնող տեսարաններին, որոնք հաճախ լրացվում էին պարային շարժումներ պարունակող բեմադրական դրվագներով։