Կենսագրություն
Կոմպոզիտոր, դաշնակահար Տաթև Ամիրյանը ավարտել է Պ.Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի երաժշտական տեսության և կոմպոզիցիայի (Մելիք Մավիսակալյանի դասարան) բաժինները, այնուհետև՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի (Արամ Սաթյանի և Աշոտ Զոհրաբյանի դասարաններ) և երաժշտագիտության (Զարուհի Տեր-Ղազարյանի դասարան) ֆակուլտետները: Հետագայում ավարտել է ԱՄՆ-ի Միսսուրիի համալսարանի Կանզաս քաղաքի Երաժշտության և Պարի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի ասպիրանտուրան և ստացել Երաժշտական արվեստների դոկտորի աստիճան: Սովորել է ամերիկացի կոմպոզիտորներ Ջեյմս Մոբբերլեյի, Չեն Յիի և Զյու Լոնգի դասարաններում, ինչպես նաև մասնակցել է ամերիկյան հայտնի կոմպոզիտորներ Ջոն Կորիգլիանոյի, Ստեֆեն Հարտկեի և Սթիվեն Սթաքիի վարպետության դասընթացներին: Ամիրյանը հեղինակ է մի շարք ստեղծագործությունների` գրված ամենատարբեր ժանրերում` դաշնամուրային, վոկալ, գործիքային, կամերային, խմբերգային և սիմֆոնիկ: Նրա երաժշտությունը հնչել է Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Իսրայելում, ԱՄՆ-ի տարբեր նահանգներում, Լեհաստանում, Անգլիայում, Բելգիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում և Ճապոնիայում համաշխարհային ճանաչված տարբեր կատարողների, այդ թվում` ամերիկյան Portland Youth Philharmonic նվագախմբի, Հայաստանի Պետական Կամերային նվագախմբի, German Chamber Philharmonic of Bremen նվագախմբի, ամերիկյան CMEA Central Coast Honors նվագախմբի, Carme Diem լարային կվարտետի, Juventas New Music Ensemble-ի, Playground Ensemble-ի, Կանզաս քաղաքի Metropolitan Choral երգչախմբի, գերմանական Oktoplus անսամբլի, ինչպես նաև դաշնակահարներ Հայկ Մելիքյանի, Ջեֆրի Ջակոբի և տերեմինահար Թորվալդ Ջորգենսենի կատարմամբ: 2016-ին Հայաստանում լույս է տեսել նրա դաշնամուրային ստեղծագործությունների առաջին ձայնասկավառակը ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կատարմամբ:
Ամիրյանը մասնակցել է մի շարք հայտնի մրցույթների և փառատոների Հայաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում: Արժանացել է Armenian Allied Arts ստեղծագործական մրցույթի 1-ին մրցանակին, Կանզաս քաղաքի կոնսերվատորիայի կամերային և Metropolitan Choral երգչախմբի խմբերգային ստեղծագործությունների մրցույթների 1-ին մրցանակներին և New Ariel Recordings դաշնամուրային ստեղծագործությունների միջազգային մրցույթի 2րդ մրցանակին: Ինչպես նաև հաղթող է ճանաչվել ամերիկյան Crossing Borders Music, Juventas New Music անսամբլների և Abundant Silence երաժշտական հրատարակչության ստեղծագործական մրցույթներում։ 2020-ին ճանաչվել է RMN Classical դաշնամուրային ստեղծագործությունների և International Alliance for Women in Music միջազգային մրցույթների հաղթող։ Նա ստեղծագործությունների պատվերներ է ստացել մի շարք հեղինակավոր կազմակերպություններից, այդ թվում՝ Portland Youth Philharmonic նվագախմբի, Հյուսիս գերմանական ռադիոյի(NDR), Abundant Silence երաժշտական հրատարակչության և New Ariel Recordings-ի կողմից։
Ստեղծագործական գործունեությանը զուգահեռ Ամիրյանը հանդես է գալիս նաև որպես դաշնակահար` կատարելով իր հեղինակային ստեղծագործությունները, դասական և ժամանակակից գործեր, ինչպես նաև դաշնամուրային իմպրովիզացիաներ տարբեր ոճերում: Նա համերգներով հանդես է եկել Հայաստանում, Անգլիայում, և ԱՄՆ-ի տարբեր նահանգներում։ Ինչպես նաև գիտական զեկույցներով և կատարումներով հանդես է եկել մի շարք հեղինակավոր միջազգային կոնֆերանսներում, այդ թվում՝ ԱՄՆ-ի Միսսուրիի համալսարանի Սենտ Լուիս քաղաքում անցկացված Women In The Arts միջազգային կոնֆերանսում, Լոնդոնի Դաշնամուրային Երաժշտության Միջազգային Սիմպոզիումում, Հարթֆորդի Կին Կոմպոզիտորների Փառատոնին, Հավայան Կղզիներում անցկացվող ամենամյա Արվեստների և Հումանիտար Գիտությունների Միջազգային կոնֆերանսում, և ԱՄՆ-ի Քալիֆոռնիայի համալսարանում անցկացվող Hildegard Festival of Women in The Arts փառատոնին: Նա դասախոսություններով և կատարումներով հանդես է եկել նաև ԱՄՆ-ի Սան Հոզեի քաղաքի, Ֆլորիդա և Քաննեքտիկուտ նահանգների պետական համալսարաններում որպես հրավիրված արտիստ:
Տաթև Ամիրյանը հանդիսանում է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ։
Լուսանկարը՝ Photo Sonic | Sonia Bagdasarian