Կենսագրություն
Ծնվել է Խնձորեսկում։ Մանկությունն անցել է Բաքվում։ 10 տարեկանում եղել է դպրոցական երգչախմբի մենակատար։ 1929 թ. տեղափոխվել է Մոսկվա, երգել Արևելյան ինքնագործ անսամբլում։ 1933 թվականից սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել համերգներով։ Սովորել է Մոսկվայի հայ մշակույթի տան երաժշտական և դրամատիկական ստուդիաներում։ Մասնակցել է Ռ. Սիմոնովի բեմադրություններին, որն էլ նպաստել է երգչուհու դրամատիկական ձիրքի զարգացմանը։ 1937 թվականին ավարտել է դասընթացները և տեղափոխվել Երևան։ Եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։ 1960 թվականին էքստեռն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1961 թվականից դասավանդել է նույն կոնսերվատորիայում (1970 թ.` պրոֆեսոր, 1977-1999 թթ.` ամբիոնի վարիչ), 1972-1977 թթ.` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1939 թվականին Մոսկվայում` հայ արվեստի տասնօրյակին, հանդես է եկել Ալմաստի (Սպենդիարյանի «Ալմաստ») դերերգով և արժանացել համընդհանուր ճանաչման։
Երգչուհու մեկնաբանմամբ Փառանձեմի (Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»), Թամարի (Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ») և Ալմաստի դերերգերը հայկական օպերայի կատարողական արվեստի գոհարներից են։ Հատուկ նրա համար են գրվել Թամարի, Շուշանի` Բաբաևի «Արծվաբերդ», Նազելիի՝ Ստեփանյանի «Հերոսուհին», Բերբերոյի՝ Տեր-Ղևոնդյանի «Արևի ցոլքերում» դերերգերը։ Լավագույն կատարումներից են եղել նաև Կարմենի՝ Բիզեի «Կարմեն», Ամներիսի՝ Վերդիի «Աիդա», Իոկաստեի՝ Ստրավինսկու «Էդիպ արքա», Լյուբաշայի՝ Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն», Օլգայի՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգին» և այլ դերերգեր։ Հանդես է եկել նաև որպես կամերային երգչուհի։ Կատարել է հայ, ռուս և եվրոպացի կոմպոզիտորների շուրջ 450 ստեղծագործություն։ Եղել է Սաթյանի, Հարությունյանի, Միրզոյանի, Սարյանի, Ջրբաշյանի և ուրիշների մի շարք վոկալ ստեղծագործությունների առաջին կատարողը։ Կատարել է նաև Սայաթ-Նովայի և Շերամի երգերից։ Հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում։
2016 թվականի հոկտեմբերի 4-ին «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը շրջանառության մեջ է դրել նամականիշ՝ նվիրված Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին։ Նամականիշի առաջին պլանում պատկերված է Տաթևիկ Սազանդարյանը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի համանուն դերում։ Դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը։