Կենսագրություն
Թավջութակահար Վահրամ Սարաջյանն (1948-2019) իր առաջին մենահամերգը ունեցել է 9 տարեկանում, իսկ առաջին մրցույթը հաղթել է 18 տարեկանում։ Վ․ Սարաջյանի անունը դուրս եկավ երկրի սահմաններից, երբ նա հաղթեց մի շարք միջազգային մրցույթներում, այդ թվում՝ 1970 թ․ Չայկովսկու անվան, իսկ 1975 թ․՝ Ժնևի միջազգային թավջութակի մրցույթներում։
Երբ Սարաջյանը քսան տարեկան էր, նրան սկսեցին համեմատել թավջութակի այնպիսի վարպետի հետ, ինչպիսին Մստիսլավ Ռոստրոպովիչն է, մոսկովյան կոնսերվատորիայի նրա ութ տարվա ուսուցիչը: Որպես սոլո կատարող, նա հանդես է եկել Լոնդոնի Barbican Centre-ում, Փարիզի Gaveau-ում, Միլանի La Scala-ում, Ժնևի Victoria Hall-ում, Վիեննայի Musikverein-ում, Ցյուրիխի Tonhalle-ում, Մադրիդի Auditorio Nacional-ում, Բուենոս Այրեսի Teatro Colon-ում, Նյու Յորքի Carnegie Hall-ում և այլուր։
2002 թվականին Սարաջյանը Իտալիայի Հարավային Տիրոլի Վոլս ամ Շլերն քաղաքում հիմնադրել է Շլերնի միջազգային երաժշտական փառատոնը: 2015-ին փառատոնը վերանվանվել է Սեմպեր միջազգային երաժշտական փառատոն, որի գլխավոր տնօրենն էր Սարաջյանը: Փառատոնը տեղի էր ունենում յուրաքանչյուր ամառ և և իր շուրջն էր համախմբում ականավոր երաժիշտներին և դասախոսներին: Նրա նվագախմբային դեբյուտը համընկավ իր ուսուցչի՝ Մստիսլավ Ռոստրոպովիչի դիրիժորական դեբյուտի հետ, երբ 1969 թ-ին, նրա ղեկավարությամբ, երիտասարդ Սարաջյանը Կիևի ֆիլհարմոնիկի հետ փայլուն կերպով կատարեց Դվորժակի թավջութակի կոնցերտը: Նա միջազգային շրջագայություններ է ունեցել առաջատար նվագախմբերի հետ, համագործակցելով Գերգիևի, Կոնդրաշինի, Սվետլանովի, Շոստակովիչի և Տեմիրկանովի հետ:
Սարաջյանի երկացանկի կարևոր մասը ժամանակակից երաժշտությունն էր։ Հենց նրան են բազմաթիվ ականավոր կոմպոզիտորներ վստահել իրենց ստեղծագործությունների առաջին կատարումները։ Նա տարբեր նվագախմբերի հետ ձայնագրել է Շումանի, Օնեգերի, Սեն Սանսի, Չայկովսկու, Դվորժակի թավջութակի կոնցերտները։ Նրա վերջին ձայնագրությունը եղել է Իլյա Զելենկայի թավջութակի կոնցերտը՝ Մոսկվայի ֆիլհարմոնիկի հետ (դիրիժոր՝ Յուրի Բաշմետ):