Կենսագրություն
Ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի Չայկովսկու անվան դպրոցը, ապա մեկ տարի սովորել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ Առնո Բաբաջանյանի դասարանում։ Այնուհետև ընդունվել և 1962 թ. ավարտել է Լենինգրադի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայի երգեհոնի դասարանը (Յու. Բրյուշկովի դաշնամուրի և Ի. Բրաուդոյի երգեհոնի դասարանները)։ Եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։ 1963 թվականից մանկավարժական գործունեություն է ծավալել Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1966 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, բացել երգեհոնի դասարան (1970-1985 թթ., միաժամանակ՝ ՀՊՄՀ-ում), պրոֆեսոր՝ 1990 թվականից, երգեհոնի ամբիոնի վարիչ՝ 1997 թվականից։
Ստամբոլցյանը մեծապես նպաստել է Հայաստանում երգեհոնային արվեստի տարածմանը։ Նվագացանկն ընդգրկում է մինչդասական շրջանի, Յոհան Սեբաստիան Բախի, Հենդելի, նաև Քրիստափոր Քուշնարյանի, Հարո Ստեփանյանի, Տիգրան Մանսուրյանի և այլոց երկերից։ Ստամբոլցյանն առաջին անգամ երգեհոնով հնչեցրել է Ներսես Շնորհալու, Խաչատուր Տարոնացու, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու շարականները (Կոմիտասի ու Եկմալյանի մշակմամբ և սեփական փոխադրությամբ)։ Կատարումն աչքի է ընկնում գունեղ հնչողությամբ, ոճական ճշգրիտ մեկնաբանումով։ Համերգներով հանդես է եկել նաև արտասահմանում։
Առաջին անգամ 1965 թվականի ապրիլի 24-25-ին Խորհրդային Հայաստանում Վահագն Ստամբոլցյանը Լուսինե Զաքարյանի մասնակցությամբ հոգևոր երաժշտության համերգային ծրագրով նշել է Մեծ եղեռնի տարելիցը։ Վահագն Ստամբոլցյանի շնորհիվ հայ հոգևոր երգը տեղ է գտել բազմաթիվ եվրոպական երգեհոնահարների ծրագրային կատարումների ցանկում։
Համերգներով հանդես է եկել Հայաստանում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Լիբանանում, Խորհրդային Միության համարյա բոլոր քաղաքներում, ուր կային երգեհոնային համերգային դահլիճներ, մասնավորապես Մոսկվայում, Պետերբուրգում, Կիևում, Ռիգայում, Վիլնյուսում և այլուր: 2006 թ. Վ․ Ստամբոլցյանին շնորհվել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչում։