Կոմպոզիտոր, խմբավար և վոկալիստ Վահրամ Սարգսյանը սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական (1998 –2003 թթ.) և խմբավարական բաժիններում (2000-2006 թթ.), համապատասխանաբար՝ պրոֆ. Աշոտ Զոհրաբյանի և պրոֆ. Տիգրան Հեքեքյանի դասարաններում: 2007-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի ասպիրանտուրան (ղեկավար` պրոֆ. Աշոտ Զոհրաբյան): 2012-2015 թթ. սովորել է Մոնրեալի McGill համալսարանի կոմպոզիցիայի բաժնում (ղեկավար` Ֆիլիպ Լերու)։

Վահրամ Սարգսյանի ստեղծագործությունները կատարվել են Կանադայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում և գրեթե բոլոր եվրոպական երկրներում: Կոմպոզիտորի ստեղծագործությունների կատարողների թվում են BBC Singers, The Esoterics և Boston Choral Ensemble երգչախմբերը, Ճապոնական «Est» վոկալ անսամբլը, Հայաստանի և Երևանի պետական կամերային երգչախմբերը, գերմանական «Oktoplus» անսամբլը, Transmission (Կանադա) և Meitar (Իսրայել) գործիքային անսամբլները, «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» և Դրեզդենի երիտասարդական երգչախմբերը և այլոք: Ունի հրատարակված ստեղծագործություններ Անգլիայում (Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն), Իտալիայում և  Կանադայում:

Վահրամ Սարգսյանին  երաժշտություն են պատվիրել Կանադական CBC հեռուստա-ռադիոն, գերմանական Norddeutscher Rundfunk հեռուստա-ռադիոն, ՀԲԸՄ-ն, «Lark» երաժշտական ընկերությունը (ԱՄՆ), Օքսֆորդի համալսարանի հրատարակչությունը, ինչպես նաև տարբեր երգչախմբեր և անսամբլներ։ Վ. Սարգսյանը նաև ուսումնասիրում և իր վոկալ արվեստում կիրառում է ձայնի ընդլայնված տարբեր հնարավորություններ (extended vocal techniques)։ Այս թեմայի շուրջ իր ուսումնասիրությունները դասախոսություններով և ելույթներով ներկայացնում է տարբեր հեղինակավոր միջազգային գիտաժողովներում, կոնֆերանսներում և  փառատոներում։ Դրանցից են  Երգչախմբային երաժշտության համաշխարհային գիտաժողովը (Բարսելոնա, Իսպանիա 2017), ԱՄՆ֊ի  երգչախմբային դիրիժորների ասոցիացիայի ամենամյա կոնֆերանսը (Պիթսբուրգ, ԱՄՆ 2018), Europa Cantat միջազգային փառատոնը (Տալլին, Էստոնիա 2018) և այլն։ Սկսած 2015 թ.֊ից ելույթ է ունենում որպես վոկալիստ- իմպրովիզատոր։

2017 թ. Վ. Սարգսյանը Մոնրեալում հիմնել է (կոմպոզիտոր Գաբրիել Դհարմուի հետ) “Phth” էքսպերիմենտալ վոկալ անսամբլը, որը համերգներով հանդես է գալիս Կանադայի տարբեր քաղաքներում՝ կարճ ժամանակում դառնալով երկրի ամենաակտիվ ու առաջադեմ վոկալ համույթը՝ ժամանակակից երաժշտության ոլորտում։

Վ. Սարգսյանը մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է։ Մասնավորապես BCE Commission Competition (ԱՄՆ, 2010) և Polyphonos (ԱՄՆ, 2017) միջազգային մրցույթներում հաղթող է ճանաչվել, իսկ 2009-ին Խորվաթիայում կայացած երգչախմբային ստեղծագործությունների միջազգային մրցույթում ստացել է առաջին մրցանակ: 2009 թ. Համաշխարհային Հայկական Կոնգրեսը Վահրամ Սարգսյանին շնորհել է մրցանակ «երաժշտարվեստի ոլորտում ունեցած նվաճումների համար»։ Կոմպոզիտորը հանդիսանում է Հայաստանի Կոմպոզիտորների միության և Կանադայի Կոմպոզիտորների Լիգայի անդամ։ Ներկայումս բնակվում է Մոնրեալում: