Կենսագրություն
Վարսենիկ Ավանյանը ծնվել է Երևանում: 2002 թ-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետը (պրոֆեսոր Ս. Դանիելյանի դասարան): 2005 թ-ին ավարտել է Մոսկվայի Պ.Ի. Չայոկվսկու անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան (պրոֆեսոր Մ. Ալեքսեևայի դասարան): Զուգահեռաբար մասնավոր դասեր է վերցրել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Զարուհի Դոլուխանյանից։ Ողջ 2009 թ-ի ընթացքում Սանկտ Պետերբուրգում մասնակցել է հռչակավոր օպերային երգչուհի Ելենա Օբրազցովայի վարպետության դասերին:
Վարսենիկ Ավանյանը հանդես է եկել ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Ունեցել է մի քանի տասնյակ մենահամերգ Հայաստանում, բազմիցս հանդես է եկել Ռուսաստանի խոշորագույն քաղաքներում: Երգչուհին Մոսկվայում մասնակցել է բազմաթիվ փառատոների, որոնց թվում են երիտասարդական «Ֆեստոս»-ը (2003 թ.) և «Մոսկովյան աշուն»-ը (2006 թ.): Հայաստանում Վ. Ավանյանը ելույթ է ունեցել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում: 2005 թ-ին Վ. Ավանյանը Մոսֆիլմի նվագախմբի հետ Սյունազարդ դահլիճում կատարել է Բախի արիաները, իսկ 2006-ին՝ ելույթ ունեցել Մոսկվայի Երաժշտության տանը՝ Ռուսաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Մենահամերգներով հանդես է եկել Ֆյոդոր Շալյապինի տուն-թանգարանում (2005 թ.) Կալինինգրադի Քյոնիկսբերգյան մայր տաճարում (2009 թ.), Կիպրոսում՝ Նիկոսիայի երաժշտական ակադեմիայում (2010 թ.) և հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանում (2014 թ.), Լիտվայում՝ Կլապեդայի երաժշտական ակադեմիայում (2018 թ.): 2007 թ-ից Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է: Նշանավոր դերերից են՝ Կարմենը (Ժ. Բիզե՝ «Կարմեն»), Փառանձեմը (Տ. Չուխաջյան՝ «Արշակ Երկրորդ»), խաղացանկում ընդգրկված են նաև Ամերիսը (Ջ. Վերդի՝ «Աիդա»), Ալմաստը (Ալ. Սպենդիարյան՝ «Ալմաստ»), Ազուչենան (Ջ. Վերդի՝ «Տրուբադուր») և այլն, իսկ «Համերգներ ճեմասրահում» նախագծի շրջանակում հանդես է եկել մենահամերգներով: 2009 թ-ին մասնակցել է Էդվարդ Սադոյանի «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ» ժամանակակից օպերայի պրեմիերային՝ մարմնավորելով գլխավոր հերոսուհուն՝ Քեյթին: 2010 թ-ից «Ակուստիկ գույներ» էթնո-ջազ քառյակի անդամ է: 2013 թ-ին Շտուտգարտում քառյակը ելույթ է ունեցել մենահամերգներով: 2015 թ-ին մասնակցել է MIDEM արվեստի միջազգային փառատոնին (Կանն) ինչպես քառյակի կազմում, այնպես էլ Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ: 2019 թ-ին Կոմիտասի 150 և Ավետ Տերտերյանի 95 ամյակների կապակցությամբ մենահամերգներով հանդես է եկել Սանկտ-Պետերբուրգում, Մոսկվայում, Լիտվայի Կլայպեդա և Վիլնյուս քաղաքներում։ 2020 թ․ Վ․ Ավանյանը նախաձեռնել է կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգաշար Գյումրիում, Վանաձորում, Բերդում և Աշտարակում, 2020 թ․ նախաձեռնել և Երևանում և Մոսկվայում ներկայացրել է «Խորհրդավոր արևելք» խորագրով հայ-հրեական երաժշտության երեկո։ 2021 թ. Վ. Ավանյանը ելույթ է ունեցել Մոսկվայի Նիկո ցուցասրահում, որտեղ ռուս հայտնի դիրիժոր Ֆիլիպ Չիժևսկու ղեկավարությամբ Questa Musica նվագախմբի և երգչախմբի հետ կատարել է Կոմիտասի խմբերգերը, Ներսես Շնորհալու աղոթքները, Տիգրան Մանսուրյանի «Հավատով խոստովանիմ»-ը ըստ Ներսես Շնորհալու և Գաբրիել Գարսիա Լորկայի բանաստեղծությունների հիման վրա գրված վոկալ շարքը ստեղծագործությունը, ինչպես նաև Լուչիանո Բերիոյի «Ժողովրդական երգեր» շարքը: Նույն տարում Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում ներկայացրել է Ֆ․ Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերան։