Անցնել բովանդակությանը
Առնո Բաբաջանյան

Առնո Բաբաջանյան

Կոմպոզիտոր

  • Կոմպոզիտոր

Կենսագրություն

Կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ  Առնո Բաբաջանյանը 20-րդ դարի հայ երաժշտական մշակույթի ամենաինքնատիպ արվեստագետներից է:

Ծնվել է 1921 թ. հունվարի 21-ին, Երևանում:  Բաբաջանյանի թե' ընտանիքում, թե' նախնիների մեջ երաժիշտ մասնագետներ չկային, սակայն հայրը երաժշտության մեծ սիրահար էր, նվագում էր նաև քամանչա, շվի և ֆիսհարմոն: Թերևս նրանից էլ փոխանցվել է կոմպոզիտորին սերն առ երաժշտությունը: Նրա երաժշտական կարողությունները դրսևորվեցին վաղ հասակից: Դեռևս մանկապարտեզի ավարտական խմբում Բաբաջանյանի  երաժշտական լսողությունը ստուգել էր
Արամ Խաչատրյանը և խորհուրդ տվել լրջորեն զբաղվել երաժշտությամբ: Երաժշտական առաջին դասերը (Եվգենի Խոսրովյանի դաշնամուրի դասարան, ապա նաև դասեր Կոնստանտին Իգումնովի ղեկավարությամբ) սկսելուց մի քանի տարի անց  տեղի է ունենում ապագա կոմպոզիտորի առաջին ելույթը սիմֆոնիկ նվագախմբի հետ: Բաբաջանյանը կատարում է  Բեթհովենի Դաշնամուրային առաջին կոնցերտը: Հենց այս համերգով Հայաստանում առաջին անգամ սիմֆոնիկ նվագախմբի հետ հնչեց դաշնամուրը (դիրիժոր՝ Գևորգ Բուդաղյան): Այս շրջանին են պատկանում Ա. Բաբաջանյանի առաջին լուրջ ստեղծագործական քայլերը:  Նրա ստեղծագործական ոճի ձևավորման փուլում զգալի է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի երաժշտության ազդեցությունը: 

1938 թ. Բաբաջանյանը մեկնում է Մոսկվա՝ մեկ տարի սովորելով Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի վերջին կուրսում: 1947 թ. Բաբաջանյանն ավարտում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական  բաժինը (Վարդգես Տալյանի դասարան): Այս շրջանում գրում  է իր առաջին խոշոր երկը՝ Դաշնամուրային կոնցերտը: Այնուհետև 1948 թ. ավարտում է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը (Կոնստանտին Իգումնովի դասարան): Միաժամանակ 1946-1948 թթ. ստեղծագործական վարպետության դասեր է անցնում Մոսկվայի հայկական մշակույթի տանը կից ստուդիայում՝ կոմպոզիտորներ Հ. Լիտինսկու, Ն. Պեյկոյի, Վ. Ցուկերմանի  մոտ: Այս տարիներին կոմպոզիտորը գրում է Պոլիֆոնիկ սոնատը՝ դաշնամուրի համար, որտեղ առկա նորարարական միտումներն իրենց հետագա զարգացումն են գտնում դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում»   և Դաշնամուրային տրիոյում: 

1950-ական թթ-ից Բաբաջանյանը նվիրվում է նաև մանկավարժական գործունեությանը: 1950-1956 թթ. դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում: Նրա դաշնամուրային դասարանում են սովորել անվանի դաշնակահարներ Ռ. Թանդիլյանը, Ռ. Շուգարովը և այլոք: Այս տարիներին են գրվել կոմպոզիտորի ստեղծագործական անհատականությունը դրսևորող «Հերոսական բալլադը» (1950 թ.), «Հայկական ռապսոդիան» (1950 թ.), Դաշնամուրային տրիոն (1952 թ.) և այլ երկեր: 50-ական թթ-ի վերջից կոմպոզիտորը հիմնականում բնակվում է Մոսկվայում, սակայն ամեն տարի պարտադիր  մի քանի ամսով վերադառնում է հայրենիք:

1959 թ. կոմպոզիտորը գրում է Ջութակի և դաշնամուրի սոնատը, որն իրավամբ կարելի է համարել կոմպոզիտորի ստեղծագործական հասունության բարձրակետերից:  1960-70-ական թթ-ին գրվում են Թավջութակի կոնցերտը, «Վեց պատկեր» դաշնամուրային շարքը, դաշնամուրային Պոեմը և թիվ 3 լարային կվարտետը (նվիրված Դ. Շոստակովիչի հիշատակին), որոնք գեղարվեստական նոր մտածողության, երբեմն էլ ազգայինի և ժամանակակից գրելաոճի միաձուլման («Վեց պատկեր» դաշնամուրի համար) հիանալի օրինակներ են: «Ինչ էլ գրեմ, ստացվում է հայեցի»,-նշում է Բաբաջանյանը:  Կոմպոզիտորի երկացանկում առանցքային տեղ են գրավում նաև դաշնամուրային մանրանվագները՝ «Էլեգիան», «Էքսպրոմտը», «Մեղեդին», «Վաղարշապատի պարը», «Հումորեսկը» և այլն: 

Լայն ժողովրդականություն ստացան կոմպոզիտորի երգերը: Դրանք իրենց բացառիկ անկեղծության և վառ մեղեդայնության շնորհիվ դասվում են  էստրադային երաժշտության լավագույն նմուշների շարքին: Կոմպոզիտորը գրել է նաև երաժշտություն թատերական ներկայացումների (Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսի հիման վրա) և ֆիլմերի («Առաջին սիրո երգը»՝
Ղ. Սարյանի համահեղինակությամբ, «Հարսնացուն հյուսիսից» և այլն) համար:

Պակաս կարևոր չէ նաև Բաբաջանյանի դերն ու նշանակությունը դաշնամուրային արվեստում: Դաշնակահար Բաբաջանյանը փայլուն կատարող էր, ով հանդես էր գալիս ժամանակի կատարողական ոլորտի խոշորագույն ներկայացուցիչների՝ Դավիթ Օյստրախի, Սվյատոսլավ Կնուշևիցկու և այլոց հետ:  

Ա. Բաբաջանյանը պարգևատրվել է մի շարք պետական մրցանակներով (Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, ՀԽՍՀ պետական մրցանակ),  արժանացել ՀԽՍՀ (1960 թ.), ապա Խորհրդային Միության (1970 թ.) ժողովրդական արտիստի  և այլ կոչումների: Ա. Բաբաջանյանը վախճանվել է 1983 թ. նոյեմբերի 11-ին, Մոսկվայում: Հանգչում է Երևանում, քաղաքային պանթեոնում:  Նրա անունով  Երևանում գործում է համերգասրահ, պետական երաժշտամանկավարժական քոլեջ, Երևանի կենտրոնում տեղադրված է նրա հուշարձանը (քանդակագործ՝ Դավիթ Բեջանյան): 

«Ստեղծագործությունը պետք է միշտ հուզի ունկնդրին: Երաժշտության ճշմարտայնության առաջին անհրաժեշտ պայմանը և չափանիշը հուզականությունն է: Այն պետք է հուզի քեզ, ցնցի, մտնի սիրտդ և ոչ թե զարմացնի»: Առնո Բաբաջանյանի այս խոսքերը իրապես բնորոշ են իր ողջ երաժշտական ժառանգությանը:

Այլ երաժիշտներ