Ծնվել է 1980 թ. Մոսկվայում: 1997-2002 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և դաշնամուրի բաժիններում` Ստեփան Ռոստոմյանի և Ելենա Աբաջյանի ղեկավարությամբ: Գերազանցության երկու դիպլոմով ավարտելով կոնսերվատորիան` ընդունվել է ասպիրանտուրա` կոմպոզիցիա և երաժշտագիտություն մասնագիտություններով:

Միառժամանակ վարպետության դասեր է ստացել արտասահմանում` մասնագիտանալով ժամանակակից դաշնամուրային երաժշտության կատարման մեջ, մասնավորապես՝ որպես Lucerne Festival Academy-ի անդամ (Շվեյցարիա, 2003-05), ինչպես նաև Ֆրայբուրգում (Գերմանիա)՝ Ensemble Recherche-ի ղեկավարությամբ (2007): 2005-ին ստացել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան` XX դարի երաժշտության մեջ ձեն-բուդդիզմի փիլիսոփայությանը նվիրված ատենախոսության համար: Ներկայումս դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում և Երևանի պետական կոնսերվատորիայում: Լինելով ժամանակակից երաժշտության կատարող` նա նաև շվեյցարական Laboratorium միջազգային անսամբլի հիմնադիր անդամներից է:

Համագործակցել և ելույթ է ունեցել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Պիեռ Բուլեզը, Ռոհան դը Սարամը, Քիմ Քաշքաշյանը, Անյա Լեխները, Թոնի Արնոլդը, Տիգրան Մանսուրյանը, Մովսես Պողոսյանը, Seattle Chamber Players խումբը և շատ ուրիշներ: Նրա ստեղծագործությունները կատարվել են բազմաթիվ երկրներում անցկացված միջազգային փառատոներում և այլ համերգներում, այդ թվում` Եվրոպայի տարբեր երկրներում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Թայվանում, Կիպրոսում, Լիբանանում, Իրանում, ԱՊՀ երկրներում և այլուր: