Կենսագրություն
Սպիրիդոն Մելիքյանը ծնվել է 1880 թվականին դեկտեմբերի 1-ին (հին տոմարով նոյեմբերի 18-ին) Վաղարշապատում, ուսուցչի ընտանիքում։ Վաղ մանկության տարիներին զրկվել է ծնողներից, ապրել հորեղբոր և մորեղբոր խնամքի տակ։ Տասներեք տարեկան հասակում դարձել է Գևորգյան ճեմարանի սան և իր երաժշտական ընդունակությունների շնորհիվ արժանանացել ճեմարանի երգեցողության ուսուցչի ու խմբավարի՝ մեծ Կոմիտասի ուշադրությանը։ 1902 թվականին ավարտել է Գևորգյան ճեմարանը, եղել է Կոմիտասի աշակերտը և օգնականը:
1905-1908 թվականներին սովորել է Բեռլինի Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում, որտեղ ուսումնասիրել է երաժշտության տեսություն, խմբավարություն, մշակել ձայնը։
1908-1909 թվականներին որպես երգեցողության ուսուցիչ-խմբավար աշխատել է Շուշիի թեմական դպրոցում, իսկ 1909-1921 թվականներին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Հանդես է եկել հրապարակախոսական դասախոսություններով։
1921 թվականից աշխատել է Հայաստանի դպրոցներում, 1924-1933 թվականներին` Երևանի կոնսերվատորիայում` որպես տեսական առարկաների դասախոս, խմբավար։ Զբաղվել է երգերի հավաքմամբ։ 1930-1933 թվականներին նշանակվել է կոնսերվատորիայի ռեկտոր։ 1925 թվականից եղել է ՀԽՍՀ Գիտությունների և արվեստի ինստիտուտի անդամ։
Ստեղծագործել է երաժշտական տարբեր ժանրերոum, հայտնի է ժողովրդական երգերի ինքնատիպ մշակումներով։ Հեղինակել է երաժշտագիտական աշխատություններ, ինչպես նաև ժողովրդական երգերի հավաքածուներ։ Նրա «Ուրվագիծ հայ երաժշտության պատմության» (1935), «Շիրակի երգեր» (1914) և «Հայ ժողովրդական երգեր և պարեր» (1949-1952) աշխատություններն անգնահատելի դեր են ունեցել հայ երաժշտության տարածման գործում։ 1931 թվականին հրատարակել է Կոմիտասի «Ազգագրական ժողովածուն», որը հեղինակի հանձնարարությամբ արտագրել էր 1904 թվականին և որի բնագիրը համարվում էր կորած։
Խորհրդային տարիներին ՀԽՍՀ տարբեր շրջաններում Մելիքյանի կատարած ազգագրական գրառումները հրատարակվել են նրա մահից հետո՝ երկու հատորից բաղկացած «Հայ ժողովրդական երգեր և պարեր» ժողովածուում (1949 և 1952), Մ. Աղայանի խմբագրությամբ։ Այս ժողովածուն, որ պարունակում է 533 գրառում, լայն պատկերացում է տալիս 1920-ական թվականներին հայկական կենցաղում պահպանված գեղջկական երաժշտական ֆոլկլորի մասին։ Ժողովածուում ներկայացված են ժողովրդական երգարվեստի հիմնական ժանրերը՝ աշխատանքային, ծիսական, հարսանեկան, վիպական, սիրային-լիրիկական, օրորոցային և այլ բնույթի երգեր, բազմազան պարերգեր, գործիքային երաժշտության արժեքավոր նմուշներ (ծանր գյոնդի տարբեր տիպեր, քոչարիներ և այլն), աշուղական հին ու նոր եղանակներ։ Ժողովածուի նյութերի մեջ շատ ուշագրավ են սասունցիների հինավուրց և ինքնատիպ պարերգերն ու պարեղանակները։