Մովսես Խորենացին պատմիչ է, քերական, մեկնիչ, երաժիշտ-բանաստեղծ, թարգմանիչ, աստվածաբան, շարականագիր: Մեծարվել է Պատմահայր, Քերթողահայր, Մեծն Մովսես անուններով:
Ծնվել է մոտ 410 թ., Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառի Խորոնք գյուղում: Աշակերտել է Ս. Մեսրոպ Մաշտոցին և Ս. Սահակ Ա Պարթևին, այնուհետև ուսումը շարունակել Ալեքսանդրիայում (մոտ 430-440 թթ.)` հմտանալով պատմագիտության, քերականագիտության, ճարտասանության և քերթողական արվեստի ոլորտներում: Մոտ 440 թ. վերադարձել է հայրենիք, որտեղ տևական հալածանքների է ենթարկվել տեղի հետադեմ ու տգետ հոգևորականների կողմից: Գյուտ Ա Արահեզացի կաթողիկոսի կողմից Բագրևանդի թեմակալ առաջնորդ նշանակվելուց հետո զբաղվել է մանկավարժությամբ, թարգմանությամբ և պատմագրությամբ: Վախճանվել է մոտ 490 թ.:
Մովսես Խորենացու պատմագրական ժառանգության գլուխգործոցը «Պատմութիւն Հայոց» երկն է, որը գրվել է Սահակ Բագրատունի իշխանի պատվերով` մոտ 480 թ.: «Պատմութիւն Հայոց»-ում առաջին անգամ շարադրվել է հայ ժողովրդի ամբողջական պատմությունը` սկսած նրա ծագման շրջանից մինչև V դարի սկզբի պատմական դեպքերը: Սա Հին Հայաստանի պատմության եզակի սկզբնաղբյուր է, որը հարուստ և արժեքավոր տեղեկություններ է պարունակում երկրի քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային կյանքի վերաբերյալ: Բաղկացած է երեք գլխից: Առաջին գլուխը նվիրված է հայ ժողովրդի ծննդաբանությանը, երկրոդը՝ Արշակունյաց արքայատոհմի պատմությանը, իսկ վերջինը՝ Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու իրադարձություններին: Իր կուռ կառուցվածքով, ճշգրիտ ժամանակագրությամբ, պատմության պարբերացման սկզբունքով և հայրենասիրական ոգով Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ը ստացել է ազգային արժեքի նշանակություն: Մոտ մեկուկես դար այն իբրև դասագիրք է ծառայել հայկական դպրոցներում, իսկ հետագա դարերի բոլոր հայ պատմիչների համար եղել է պատմությունը շարադրելու չափանիշ:
Մովսես Խորենացին հեղինակել է մի շարք դավանաբանական երկեր, որոնք նպաստել են հայ աստվածաբանական մտքի զարգացմանը, ինչպես նաև աջակցել Հայ եկեղեցու գաղափարական դիրքերը և ազգային ոգին հաստատուն պահելու գործին` օտար ոտնձգությունների դեմ պայքարում:
Անգնահատելի է Մովսես Խորենացու ավանդը հայ հոգևոր երգարվեստի բնագավառում: Նրա գրչին են պատկանում Ծննդյան, Տյառնընդառաջի, Հարության, Աստվածածնի վերափոխման և այլ տոների նվիրված շուրջ 100 հոգևոր երգեր: Զգալի է նրա ավանդը հատկապես շարականերգության ասպարեզում: Ոճական առումով Խորենացու հոգևոր գործերը բաժանվում են երեք հիմնական խմբի. Ս. Մեսրոպ Մաշտոցի և Ս. Սահակ Պարթևի ստեղծագործության անմիջական ազդեցությունը դրսևորող երգեր, սահակ-մեսրոպյան ավանդույթների զարգացման նոր աստիճանը ներկայացնող երգեր, որոնցում նախապատրաստվում են Մովսես Խորենացու անհատական ոճի գծերը և Խորենացու երաժշտաբանաստեղծական արվեստի բարձրակետը մարմնավորող նմուշներ: Վերջիններիս թվին են պատկանում, մասնավորապես, տոնական-հանդիսավոր «Ծագումն հրաշալի» և ջերմ, քնարական շնչով օժտված «Ուրախացիր սրբուհի» շարականները` Ծննդյան Ճրագալույցի կարգից: Մեծ ճանաչում է վայելում նաև լայնաշունչ վիպականությամբ բնորոշվող «Խորհուրդ մեծ և սքանչելի» շարականը` Ծննդյան Ա օրվա կարգից: Գանձարան կոչվող ժողովածուներում Խորենացու անունով պահպանվել է Գրիգոր Լուսավորչին և Տրդատ Գ Մեծին նվիրված մեկական խազագրված մեղեդիներ: Խորենացու երաժշտաբանաստեղծական արվեստը հզոր խթան է հանդիսացել հայ շարականերգության հետագա զարգացման համար:
Խորենացու անձի և գործունեության վերաբերյալ ստեղծվել է հսկայական, բազմալեզու գրականություն, շուրջ երեք հազարի հասնող տարաբնույթ ուսումնասիրություն: